Պաշտպանը չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն

21 DECEMBER 2019, Press Releases

Դեկտեմբերի 20-ին Պաշտպան Արտակ Բեգլարյանը չհայտարարված մշտադիտարկման այց է կատարել «Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն»:

Պաշտպանը ծանոթացել է երեխաների իրավունքների պաշտպանության վիճակին, պահման ընդհանուր պայմաններին, նրանց առօրյային և մատուցվող ծառայությունների առանձնահատկություններին: Այցի ընթացքում նա անմիջական միջավայրում շփվել է երեխաների հետ, առանձնազրույցներ ունեցել ինչպես տնօրինության, այնպես էլ որոշ երեխաների և հաստատության աշխատակիցների հետ:

Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել երեխաների մաքրության ու առողջության պահպանման հարցերին, կրթության իրավունքի իրացմանը, հոգեբանական աշխատանքների որակին, երեխաների հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքին: Նա ընդգծել է, որ ընտանիքից կտրվածությամբ պայմանավորված՝ երեխաներն արդեն բավականին խոցելի վիճակում են գտնվում, ուստի՝ անհրաժեշտ է նրանց մատուցել բարձրորակ սոցիալական ու հոգեբանական ծառայություններ:

Այցի ընթացքում արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատության տնօրենի հետ:

Պաշտպան Ա. Բեգլարյանը իր լիազորությունների սահմաններում կցուցաբերի աջակցություն արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ համագործակցելով բոլոր իրավասու մարմինների հետ։